Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ»

«Նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ»
29.03.2013 | 00:23

«Սա Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան կամ Պողոս-Պետրոս պայքար չէ: Սա յուրահատուկ զարգացում չէ, մենք պետք է տեսնենք մեզ պատմության, մեր երկիրը` համաշխարհային գործընթացների մեջ: Այն, ինչ Հայաստանում կատարվում է, ոչ թե 2013-ի գարունն է, այլ 1917-ի փետրվար-մարտը»,- պատմական էքսկուրս անելուց հետո «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարանի» անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ` հընթացս նկատելով, որ սա պայքար է` «ծնվող բուրժուական հասարակարգն ընդդեմ ֆեոդալականի»: Ըստ բանախոսի, անխուսափելի են այս իշխանությունների պարտությունը և Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: «Հայաստանում ընթանում է բուրժուական հեղափոխություն, որը հիմնվում է ազգի ցանկության վրա: Ինչ էլ կատարվի ամսի 9-ին, 19-ին, պատմական առումով այդքան էլ էական չէ: Չեք սպասում, թե սուրճի բաժակ նայելով, պիտի ասեմ` աղջի՞կ է ծնվելու, թե՞ տղա: Մենք գիտենք, որ երեխա ծնվելու է: Հայաստանը փոխվել է, ու նույնը այլևս երբեք չի լինելու: Մենք զրոյական տարիներ ենք ապրել: Քոչարյանական տասնամյակը իսկապես զրոյական էր»,- ընդգծեց Խզմալյանը` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը պետք է լինեն համակարգված: Եթե քաղաքագետներից ոմանք Հովհաննիսյանին համեմատեցին Մահաթմա Գանդիի հետ, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը նրան ավելի շատ նմանեցնում է Մարտին Լյութեր Քինգին: «Բավական է համեմատել Լյութեր Քինգի հայտնի ճառը` ես երազանք ունեմ, որն ուսումնասիրում են ԱՄՆ-ի բոլոր համալսարաններում: Դրանով կնկատեք` ինչ մշակույթ է դավանում Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց Խզմալյանը` բնութագրելով Հովհաննիսյանի գործելաոճը: «Ամրոցը գրավելու բազմաթիվ ձևերից նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ,- նկատեց բանախոսը և մեր հստակեցմանը, թե նկատի ունի պաշտոնների պահա՞նջը, ավելացրեց.- Այո, դա ռեժիմի իմաստային որակազրկում է նշանակում, մտցնել երկիշխանություն»:
Անդրադառնալով Հովհաննիսյան-Տեր-Պետրոսյան շարժումների տարբերություններին առնչվող մեր հարցին, ակումբի հյուրը փաստեց. «Ամեն ինչ չպետք է նորից կախված լինի մեկ մարդուց կամ երեք-չորս հոգուց: Դա մեր երկրում ոչինչ չի փոխի: Այդ իրավիճակը Լևոն Տեր-Պետրոսյանն էր ստեղծել: Այս ամենը արտահայտվեց դեռ պատերազմի ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Հայաստանում միայն չորս-հինգ հոգի է իրավասու կարծիք հայտնելու արցախյան զարգացումների մասին: Այո, կան գաղտնիքներ, որ սահմանափակ թվով մարդիկ գիտեն, բայց արցախյան պայքարը համազգային էր: Սա առաջին քայլն էր, երբ իշխանությունն օտարեց ժողովրդին: Սա առաջին ակնհայտ տարբերությունն էր: Հետո ոչ միայն Ազատության հրապարակը, այլև մարզերի, գյուղերի հրապարակները դարձել են Հայդ-պարկ: Հայերն այսօր դարձել են ամենաքաղաքականացված ազգերից մեկը, ապրում են քաղաքական կյանքով: Մենք տեսնում ենք, որ հասարակությունն ապրում է, իսկ դա քաղաքական, հանրային ստեղծագործություն է, ոչ թե գալիս են լսելու, թե կուռքն այսօր ինչ է ասելու»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ